ՆԱԽ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵՔ

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է ներքոշարադրյալը, նախ պետք է հիշեցնեմ ոչ հեռու անցյալի՝ ընդամենը չորս-հինգ տարի վաղեմության մի քանի փաստեր, հայտարարություններ ու փաստաթղթեր:

Առաջին. 2008թ. հունիսի 23-ին, Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կհրավիրի Աբդուլլահ Գյուլին Երևան` միասին դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը: Բացի այդ՝ Սերժ Սարգսյանը նշեց. «Թուրքական կողմն առաջարկում է ձևավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը [ընդգծումը մերն է- Թ. Հ.]: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջև»:

Երկրորդ. մեկ օր անց՝ 2008թ. հունիսի 24-ին, ռուսական փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը գրեթե նույնությամբ կրկնեց նախօրեին ասվածը. «Թուրքիան հնչեցրել է առաջարկ ցեղասպանությանը վերաբերող պատմական փաստերն ուսումնասիրելու [ընդգծումը մերն է — Թ. Հ.] նպատակով փորձագիտական հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ: Մենք դեմ չենք որևէ ուսումնասիրության, անգամ ակնհայտ փաստերի և լայնորեն ընդունված իրողությունների, սակայն նման հանձնաժողովի ստեղծումը տրամաբանական կլիներ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և սահմանները բացելուց հետո միայն»:

Այստեղ մի մեկնաբանություն է անհրաժեշտ. Սերժ Սարգսյանը թուրքերին առաջարկում է մոտավորապես հետևյալը՝ սահմանները բացեք, դիվանագիտական հարաբերություններ հաստատեք, հետո եկեք միասին քննարկենք 1915-ը: Եթե համաձայնում ես պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, ապա ակամա կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանության փաստը, իսկ թուրքերը հնարավորություն են ստանում ասելու, որ հայ-թուրքական գործընթացում երրորդ կողմի ներգրավման կարիք չկա, որովհետև Երևանն ու Անկարան բանակցում են: Դա նրանց՝ Հայոց ցեղասպանության ավելի լայն ճանաչման միջազգային ջանքերի փաստացի ընթացքը փոխելու, թուլացնելու, ավելին՝ կասեցնելու փորձերի հնարավորություն է տալիս:

Հիշեցնենք, որ 2008-ից ի վեր ոչ մի երկիր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բացառությամբ Շվեդիայի խորհրդարանի, որը այդ երկրում բնակվող ասորի ստվար համայնքի լոբբիստական ջանքերի շնորհիվ առաջին հերթին 2010թ. ճանաչել է հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը: Բայց սա նաև ամենաձախողակ ճանաչումն էր, քանի որ անմիջապես Շվեդիայի վարչապետը հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի իր գործընկերոջ հետ և ներողություն խնդրեց երկրի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունելու համար:

Երրորդ. Աբդուլլահ Գյուլի Երևան այցի նախօրեին` թուրքական «Ռադիկալ» թերթի հետ 2008թ. օգոստոսի վերջերին ունեցած զրույցում Սերժ Սարգսյանը բացատրեց. «Բազմիցս թուրք պաշտոնյաների կողմից լսել եմ հարց «Արևմտյան Հայաստան», «Արևելյան Հայաստան» տերմինների մասին: Ինձ համար տարօրինակ էր միշտ և միշտ փորձել եմ բացատրել «Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինների նշանակությունը. դրանք պատմականորեն ձևավորված տեղանուններ են, և այդ տեղանունները, նաև այդ ձևակերպումները գալիս են 19-րդ դարի երկրորդ կեսից: Հիմա խոսել, որ այս տեղանունների կամ բառակապակցությունների մասին մոռանանք, նույնն է, որ պահանջ դնենք, ասենք, մոռանանք, որ եղել է Կիևյան Ռուսիա, Օսմանյան Կայսրություն, Սպարտա»:

Հասկանալի է, չէ՞, թե ինչ էր ուզում ասել Սերժ Սարգսյանը իր «խիզախ թուրք գործընկերներին» [չակերտներում մեջբերվածը Սերժ Սարգսյանի խոսքերն են, որ նա արտասանել է 2008թ. սեպտեմբերին ամերիկահայերի հետ հանդիպման ընթացքում՝ Նյու Յորքում, որն ուղղված է եղել Աբդուլլահ Գյուլին և արտգործնախարար Ալի Բաբաջանին]:

Չորրորդ. Սերժ Սարգսյանը 2009թ. ապրիլքսանչորսյան ուղերձում ասաց «Ցեղասպանություն, որ տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայում»: Սա այն դեպքում, երբ 1990թ. օգոստոսի 23-ի Հայաստանի Անկախության հռչակագրում այլ ձևակերպում է տրված՝ «Ցեղասպանություն, որ տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում»:

Հինգերորդ. 2008թ. սեպտեմբերի 6-ի Հայաստան-Թուրքիա հանդիպումից մի քանի օր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր զինանշանը փոխել էր. եթե արդեն հին զինանշանի վրա Արարատ լեռն էր` հայ ժողովրդի գլխավոր խորհրդանիշներից մեկը, ապա նորի վրա պարզապես գնդակ էր նկարված: Հայաստանի ֆուտբոլիստների մարզաշապիկի վրայից հանվել էր նաեւ Արարատի պատկերը:

Այս արարքի անունը դրեք, ինչ ուզում եք:

Հետագա ամիսներին ու տարիներին Սերժ Սարգսյանը վերանայեց իր հայտարարությունները: Բայց կարևորը ոչ այնքան այն է, թե ինչ է ասվել, այլ այն, թե ինչ է ստորագրվել: Լավ, ենթադրենք, որ Սերժ Սարգսյանը 2008թ. Հայոց ցեղասպանության մասին ձախավեր հայտարարություններ չի արել: Մի պահ մոռանանք, որ չի եղել «ֆուտբոլային դիվանագիտություն» [խիղճ ունեցող հայ պատմաբանը երբե՛ք դա չի մոռանա]: Բայց չէ՞ որ կա 2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված և Հայաստանի գործող իշխանությունների կողմից գովաբանված հայ-թուրքական երկու արձանագրություն, որոնցից պաշտոնական Երևանը ոչ մի կերպ չի ուզում հրաժարվել (հավանաբար չի ուզում հիասթափեցնել արևմտյան իր խիզախ գործընկերներին):

Այդ արձանագրություններով Հայաստանը ճանաչել է ժամանակակից Թուրքիայի սահմանները (ուշադրություն դարձրեք՝ ոչ թե տարածքային ամբողջականությունը, այլ սահմանները), ինչպես նաև գրավոր համաձայնություն տվել պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկին: Մեջբերենք փաստաթղթի այդ կետերը. «Հայաստանը և Թուրքիան… հաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը, ինչպես սահմանված է միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով», «… իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն` առկա խնդիրների սահմանման ու առաջարկների ձևակերպման համար», «… պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով` երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացման նպատակով, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն, առկա խնդիրների սահմանման ու առաջարկների ձևակերպման համար` հայ, թուրք, ինչպես նաև շվեյցարացի և միջազգային այլ փորձագետների մասնակցությամբ»:

Քանի դեռ այս երկու արձանագրություններից Հայաստանը չի հրաժարվել, Հայաստանի որևէ պաշտոնյայի, այդ թվում՝ գործող նախագահի հայտարարություն, չի կարող քաղաքական, իրավական կամ դիվանագիտական առումով ավելի զորեղ և օրակարգային լինել, քան պետության կողմից ստորագրված փաստաթուղթն է:

Ինչպես հայտնի է, «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սփյուռքում ձևավորված տարածաշրջանային հանձնախմբերի գործունեության իրավական հարցերի քննարկմանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ ստեղծվում է հատուկ հանձնախումբ՝ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարն ամբողջականացնելու նպատակով:

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը շատ ավելի առաջ է գնացել. «Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը կապված է փոխհատուցման հետ: Ի՞նչ բնույթ պետք է ունենա այդ փոխհատուցումը՝ զուտ բարոյակա՞ն, թե՞ նաև գույքային և տարածքային: Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբյեկտների շրջանակը: Այն պետք է ընդգրկի ցեղասպանության զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական եկեղեցո՞ւն, Հայաստանի Հանրապետությա՞նը, թե՞ բոլորին միասին: Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»:

Այս հայտարարությունները ամուր չեն, ավելին՝ կարող են ընկալվել որպես պարզ քարոզչություն, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել երկու արձանագրություններից:

աղբյուրը` civilnet.am

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*